Բոլոր քեսաբահայերն առանց բացառության ցանկանում են Սիրիայի իրենց տները վերադառնալ: Այս մասին հուլիսի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային պալատի անդամ, Քեսաբի հարցերով հունիսին ստեղծված աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում քեսաբահայ 30 - 40 ընտանիք է մնացել: Ես վստահ եմ, որ քեսաբահայերի մեծամասնությունը կվերադառնա Սիրիա: Այն մեր ամենակայացած համայնքն է եւ հարկավոր է պահպանել», - ընդգծել է Գագիկ Մինասյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս՝ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Քեսաբի բոլոր եկեղեցիներն ավերվել էին, սակայն այժմ վերականգնման փուլում են:
Հիշեցնենք, մարտի 21-ի առավոտյան հիմնականում հայերով եւ ալեւիներով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքը ենթարկվել էր սիրիական ընդդիմության զինված խմբավորումների լայնածավալ հարձակման: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել էր Լաթաքիա քաղաք: Կառավարական ուժերը Քեսաբն ազատագրել են հունիսի 15-ին:




























