Եվրոպական ներդրումային բանկը 30.7 մլն եվրո ընդհանուր գումարով երկու վարկ է տրամադրելու՝ Հայաստանի ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավման եւ կոյուղաջրերի մաքրման համակարգի արդիականացման համար: Այս մասին տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքից:
Եվրոպական ներդրումային բանկի միջոցները նպաստելու են Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արագացմանը: Վարկերը բաղկացած են երկու մասից. 25.5 մլն եվրոն տրամադրվելու է Հայաստանի միջին մեծության քաղաքների եւ ոչ մեծ բնակավայրերի ջրատարերի եւ կոյուղային ենթակառուցվածքների վերականգնմանն ու կառուցմանը, իսկ 5.2 մլն եվրոն՝ մայրաքաղաք Երեւանի առանձին շրջանների ու շրջակա որոշ գյուղերի ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացմանը:
25.5 մլն եվրոյի վարկն օգնելու է 2014-2018թ.թ. իրականացնել Հայաստանի գյուղական շրջաններում ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը՝ մեծացնելով շուրջ 400 հազար բնակչի ջրամատակարարման ծառայությունների որակը: Այս ծրագիրը համաֆինանսավորվելու է Զարգացման գերմանական բանկից (KfW) ստացված 30 մլն եվրոյի եւ Եվրամիության Հարեւանության ներդրումային հիմնադրամի՝ 15 մլն եվրո դրամաշնորհի հաշվին (վերջինը ներառելու է 12 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ եւ 3 մլն եվրոյի չափով տեխնիկական օգնության դրամաշնորհ): 2.5 մլն եվրոյի չափով լրացուցիչ դրամաշնորհ էլ տրամադրելու է Գերմանիայի Համագործակցության նախարարությունը:
Եվրոպական ներդրումային բանկի՝ 5.2 մլն եվրոյի վարկը տրամադրվելու է Երեւանի ջրամատակարարման ծառայությունների մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրին, որն իրականացվելու է 2013-2013թ.թ. ընթացքում: Ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել ծառայությունների հուսալիությունը եւ նվազեցնել տեխնիկական եւ կոմերցիոն կորուստները, ինչպես նաեւ էներգիայի եւ մատուցվող ծառայությունների ծախսերը: Այս ծրագիրը ֆինանսավորվելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տրամադրած 5.3 մլն եւ Եվրամիության Հարեւանության ներդրումային հիմնադրամի տրամադրած 5.5 մլն եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով:




























