Խորհրդարանական քառյակի համագործակցությունը պետք է խորհրդարանի պատերից դուրս գա։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ընդլայնի իր գործունեությունը՝ համագործակցելով ոչ խորհրդարանական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ քառյակի կողմից ներկայացրած 12 պահանջների մեջ իշխանափոխության մասին կետ չկա, ընդդիմադիրը պատասխանեց. «Այդ պահանջները համաձայնեցվել են փոխզիջումների ճանապարհով, քանի որ այս կամ այն հարցերի շուրջ կարծիքները բավականին տարբեր են»։

Հարցին՝ իսկ քառյակից կոնկրետ ո՞վ էր դեմ իշխանափոխության մասին կետին, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինչպես «Ժառանգությունը», այնպես էլ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա մեր կոլեգաները պնդում են, որ չկան հարցեր, որ հնարավոր չլինի քննարկել» - նշեց նա՝ հավելելով, որ քննարկումների մանրամասները չի բարձրաձայնի, քանի որ դա գեղեցիկ չէ գործընկերների նկատմամբ։