Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդավաճան իր ոճին, շարունակում է անհարգալից վարքագիծ դրսեւորել լրագրողների հետ շփվելիս:

Մասնավորապես, իրեն զանգահարած՝ NEWS.am-ի լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում սպանության մեջ մեղադրվող իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին  22 տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատախազի պահանջը, նախկին քաղաքապետը հայհոյեց եւ անիծեց լրագրողներին՝ ցանկանալով, որը «տարոսը լինի նրանց երեխաներին եւ հարազատներին»: Դրանից հետո Վարդան Ղուկասյանն անջատեց հեռախոսը:

Նշենք, որ անիծելուց ընդամենը 10 օր առաջ՝ հունիսի 21-ին, Վարդան Ղուկասյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծման ժամանակ բարեպաշտության «դասախոսություն էր կարդում», Ավետարանից մեջբերումներ անում։

«Մի եպիսկոպոս եկեղեցու պատարագամատույցն ինքն է լինում, Աստծո լույսն իջնում է մի ծերունու վրա, եպիսկոպոսը հարցնում է՝ Տեր Աստված, բայց չէ՞ որ ես կառուցեցի, երկնքից ձայն է լսվում՝ դու կառուցեցիր այդ ծերունու աղոթքներով: Ես չգիտեմ՝ այդ ծերունին այստեղ որ մեկն է, բայց եկեցեին կառուցվել է գյումրեցիների աղոթքներով»,- ասել էր նա: