Կոտայքի մարզի բնակիչներ Ազատ Ս.-ն, Գեւորգ Ա.-ն, Նահապետ Մ.-ն եւ Սուսաննա Հ.-ն մեղադրվում են աղջիկ առեւանգելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 14-ին: Ազատը, նախնական համաձայնության գալով Արմեն Ս.-ի եւ Գեւորգ Ա.-ի հետ, ամուսնության նպատակով Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասից` «Ջուղտակ» վանքեր տանող ճանապարհից, Նարինե Հ.-ին նստեցրել է Գեւորգի Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան, այնուհետեւ հանդիպելով Նարինե Հովսեփյանի դիմադրությանը, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով` բռնելով վերջինիս ձեռքերից, բացահայտ առեւանգել են: Նարինեին այնուհետեւ տղաները տարել են Սուսաննայենց տուն:

Ազատ Ս.-ին եւ Գեւորգ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկwum՝ չորսից ութ տարի ժամկետով: Նահապետ Մ.-ին եւ Սուսաննա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Չորսն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: