Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Հյուսիսային Կորեայի դեմ մի շարք պատժամիջոցներ:  Reuters-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Տոկիոն կվերացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները: Սա պատասխան գործողություն է: Սակայն սա միայն սկիզբն է: Մենք  կգործադրենք բոլոր ջանքերը` այս հարցի ամբողջական լուծման համար», — ասել է Աբեն:

Ճապոնիայի իշխանությունների կողմից տվյալ որոշումն ընդունելու պատճառը Հյուսիսային Կորեայում 1970-80-ականներին հատուկ ծառայությունների կողմից առեւանգված եւ ԿԺԴՀ-ում բռնի կերպով պահվող  ճապոնացիների ճակատագրերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է, փոխանցում է gazeta.ru-ն:

2006թ. Ճապոնիան պատժամիջոցներ էր կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, որոնք արգելում են ներմուծման-արտահանման մատակարարումները, քաղաքացիների  մեկնումները, ինչպես նաեւ հյուսիսկորեական նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ:  Ավելի ուշ խստացվել էին Ճապոնիայից Հյուսիսային Կորեա դրամական փոխանցումների պայմանները: