ԵՊՏՀ-ն, Երեւանի գյուղատնտեսական համալսարանը, Երեւանի «Հայբուսակ»  համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը եւ Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն  բուհի համար պատրաստ է  փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ  ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները եւ դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետեւ փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան եւ դրա իրագործման ժամանակացույց:

Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը եւ ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի  վերջնական եզրակացության նախագիծ եւ այն կներկայացնի  հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար: