Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հունիսի 5-ին հակառակորդի կողմից սպանված Բորիս Գասպարյանին եւ Անդրանիկ Եղոյանին օրերս պաշտպանության նախարարությունը հետմահու պարգեւատրել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատ համայնքի գյուղապետ Կարեն Ղազարյանը, ում համագյուղացին է Բորիս Գասպարյանը:

«Զոհված զինծառայողների հարազատներին հրավիրել էին զորամաս, որտեղ հանձնեցին մեդալները: Անդրանիկ Եղոյանի հայրը, հորեղբայրը եկել էին, այնտեղ ստացան, իսկ Բորիսի մեդալը բերեցին, տանը տվեցին մորը, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Հիմա արդեն թոշակն էլ կբարձրանա»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ չնայած Բորիսի մայրը տնից դուրս է գալիս, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունի. Արարատի մարզպետն առաջարկել է առողջարան ուղարկել նրան, սակայն վերջինս հրաժարվել է:

«Մենակ չենք թողնում, օգնում ենք բոլորս, Արարատի մարզպետն էլ համոզում է, որ առողջարան ուղարկենք, բայց դեռ չի համաձայնվում: Այս մի քանի օրը նորից կհանդիպեմ Բորիսի մայրիկին, նորից կառաջարկեմ: Բացի դրանից՝ գումարով էլ ենք օգնել, պատգամավոր Արայիկ Գրիգորյանը թաղման ծախսերն է հոգացել ամբողջությամբ, գյուղապետարանն է 300 հազար դրամ տվել»,- նշեց գյուղապետը:

Նշենք, որ 22-ամյա Բորիս Գասպարյան տան միակ երեխան էր, ապրում էր մոր հետ եւ պատրաստվում էր ամուսնանալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 5-ին Արարատի մարզում դիպուկահարի կրակոցներից զոհվել էր երկու պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը Արարատ քաղաքից, եւ Բորիս Գասպարյանը՝ Արարատ գյուղից: