Հայաստանի նկատմամբ այլ երկրներից բխող սպառնալիքները նվազեցնելու համար կարելի է դիտարկել խաղաղապահ կոնտիգենտի կիրառման հարցը, սակայն պետք է հստակ գիտակցել՝ ով պետք է այն ներկայացնի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին «ԱՊՀ տարածքում անվտանգության ժամանակակից մարտահրավերները» հեռակամուրջի ընթացքում հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասյան ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով վերջին ժամանակներս ադրբեջանական կողմից Նախիջեւանի ուղղությամբ արձակված կրակոցներին:

Նրա խոսքով՝ եթե վերցնենք Լեռնային Ղարաբաղի գոտին, ապա անհրաժեշտ է այստեղից դուրս բերել դիպուկահարներին: «Եթե ընդհանուր խոսենք Հայաստանի անվտանգության մասին, Ռուսաստանը վերջինիս պաշտպանության համար պատասխանատվություն է կրում, եւ պատրաստ է 100 տոկոսանոց օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգության ապահովման գործում», - հայտարարել է Եվսեեւը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի առաջարկությունը Եվսեեւի կարծիքով, կառուցողական չէ, եթե Հայաստանը պետք է ազատի տարածքները, փոխարենը անվտանգության ոչ մի երաշխիք չստանալ: «Անվտանգության ապահովման համար պետք է ոչ թե առաջարկել Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ փոփոխություններ մտցնել, այլ փնտրել նոր մոտեցումներ», -եզրափակեց Վլադիմիր Եվսեեւը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քառնեգի հիմնադրամում ելույթի ընթացքում ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 տարրերը: Դրանցից առավել հատկանաշական էր երրորդ կետը, որտեղ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավված տարածքները պետք է վերադարձնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության դեպքում կարգավորումը ազնհնար կլինի, եւ այդ տարածքների վրա Ադրբեջանի ինքիշխանությունը պետք է  վերականգնվի»: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ուորլիքի առաջարկված տարբերակին կտրականապես դեմ են հանդես եկել: