ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «թուլության նշան» է համարել Իրանի ղեկավարների կողմից ընդդիմության կողմանկիցների դեմ դատավարությունները, որոնք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մասնակցելու համար:
CNN-ին տված հարցազրույցում Քլինթոնն ասել է. «Դա լավագույն ձեւով ցույց է տալիս, որ Իրանի ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդից եւ նրանից, որ ճշմարտությունն, ի վերջո, ասպարեզ դուրս կգա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը մտադիր է ընդդիմադիրների դեմ հարուցված գործի շրջանակներում գործ հարուցել «Newsweek»-ի ֆոտոթղթակից Մացիարու Բահարիի եւ ամերիկա-իրանցի գիտնական Կիան Թաժբաքշի դեմ: Այս կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտը խորը անհանգստություն էր հայտնել եւ նշել. «Մենք կոչ ենք անում Իրանի ղեկավարությանը անհապաղ ազատ արձակել Թաժբաքշին»:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Ռոբերդ Վուդն ընդգծել է, որ գիտնականին պաշտպան չի տրամադրվել, ինչի իրավունքը նա ունի: Վուդը նաեւ նշել է, որ «աշխարհը հետեւում է այն ամենին ինչ տեղի է ունենում Իրանում»:



















