Ամեն տարի միլիոնավոր դոլարների հասնող ապօրինի առեւտրի հետեւանքով հազարավոր մեծ կապիկներ մահանում կամ «ստրկության» են վաճառվում, ինչը հանգեցնում է նրանց ոչնչացմանը: Այս մասին գրում է ավստրալական «The Sydney Morning Herald» պարբերականը:

«Կազմակերպված հանցավոր խմբերը կոռումպացված չինովնիկների մասնակցությամբ սպառնում են կապիկներին ոչնչացման հասցնել՝ անօրինական ճանապարհով նրանց գնելով ներկայացումների կամ որպես տնային կենդանի պահելու համար»,- ասել է «Մեծ կապիկների ստրկությունն արմատախիլ անելու ծրագրից» Դենիել Սթայլզը: Ծրագիրը ստեղծվել է կենդանիների սարսափելի իրավիճակի մասին իրազեկելու համար:

Ըստ խմբի տվյալների, հարյուրավոր կապիկներ, այդ թվում՝ շիմպանզեներ, գորիլաներ եւ օրանգուտաններ, «գազանաբար հափշտակվել» են եւ «խորամանկ առեւտրի» միջոցով վաճառվել են այնպիսի երկրների, ինչպիսիք են Հայաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ռուսաստանը, Թայլանդը եւ ԱՄԷ-ն: «Վայրի բնության մեջ բազմացող կապիկների կորուստները վերջին տասը տարիներին հազարների է հասնում: Այս միտումները շարունակվելու դեպքում մի քանի տեսակներ ոչնչացման վտանգի առջեւ կհայտնվեն»,- ասել է Սթայլզը: