Լատվիայի Սեյմը ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության որոշումը՝ աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով երկրի առանձին շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Նման տարածքների ընդհանուր մակերեսը շուրջ 5 հազար քառակուսի կիլոմետր է: Արտակարգ դրությունը գործում է հուլիսի 2-ից եւ տեւելու է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Գրեթե բոլոր շրջանները տեղակայված են Լատգալիայում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանակից արեւելյան շրջանում:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, վերջին տվյալներով, Լատվիայում աֆրիկյան խոզի ժանտախտ է հայտնաբերվել 12 վայրի եւ 3 ընտանի խոզերի մոտ: Վարակված բոլոր կենդանիներին այրել են: Ընդհանուր առմամբ ստուգվել է ռիսկային գոտում գտնվող 1.600 գյուղական տնտեսություն: Լաբորատոր հետազոտությունների համար 678 նմուշ է վերցվել:
Աֆրիկյան խոզի ժանտախտն (Մոնտգոմերիի հիվանդություն) առաջին անգամ արձանագրվել է 1903 թվականին, Հարավային Աֆրիկայում: Մարդու համար վիրուսը վտանգ չի ներկայացնում:




























