Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի հիվանդանոցներից մեկը դիմած 21-ամյա Բ.Ք.-ի ականջից կենդանի մողես են հանել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգի Բելենի շրջանի հիվանդանոցի բժիշկ Մուսթաֆա Էրթունչը նշել է, թե 21-ամյա Բ.Ք.-ն ականջի ցավով դիմել է իրենց։ Բժշկի խոսքով, երիտասարդը պատմել է, որ մեկ օր առաջ մի փոքրիկ մողես փորձել է մտնել իր ականջը, սակայն երիտասարդը հասցրել էբռնել նրա պոչից, որը պոկվել եւ մնացել նրա ձեռքում։ Բ.Ք.-ն մտածել է, թե մողեսը պոչը կորցնելուց հետո փախչել է, սակայն ականջի սուր ցավը ստիպել է դիմել բժշկի։
Բժիշկը շեշտել է, որ երիտասարդի ականջի մեջից հանվել է 3 սմ երկարությամբ կենդանի մողես, որը պոչ չի ունեցել։ «Երբեմն մեզ դիմողների ականջներից հանում ենք տարբեր միջատներ, սակայն մողես առաջին անգամն էր»,-ասել է Մուսթաֆա Էրթունչը։





























