Շատ մարդիկ չեն հասկանում, թե երբ են իրենց հետ սիրախաղ անում: Նման եզրահանգման է եկել Կանզասի համալսարանից Ջեֆրի Հոլլը։ Ըստ The Sydney Morning Herald-ի, նա երկու հետազոտություն է անցկացրել՝ փորձելով հասկանալ, արդյո՞ք մարդիկ կարողանում են որսալ սիրախաղի պահը։
Սկզբում գիտնականը ուսանողների 52 հետերոսեքսուալ զույգ է հավաքագրել, որոնց խնդրել է միմյանց հետ 10-12 րոպե շփվել։ Միաժամանակ, ուսանողները հարցաթերթիկ են լրացրել՝ նշելով, արդյո՞ք սիրախաղ են արել կամ սիրախաղ է արել իրենց զրուցակիցը։ Արդյունքում ուսանողների 80 տոկոսը կարողացել են բացահայտել, թե նրանց զրուցակիցը երբ սիրախաղ չի արել։ Իսկ ահա սիրախաղը նրանք դժվարությամբ են բացահայտել։ Տղամարդկանց միայն 36 եւ կանանց 18 տոկոսն է ճիշտ գնահատել սիրախաղի փորձը։ MedDaily.ru-ի փոխանցմամբ, Հոլլը կարծում է, որ սիրախաղը դժվար է տեսնել մարդու պահվածքում: Մերժված լինելու վախից սիրախաղը քողարկվում է ընկերությամբ։
Երկրորդ հետազոտության շրջանակում ավելի քան 250 մարդու խնդրել են առաջին հետազոտության մասնակիցների հետ կարճ հոլովակներ դիտել։ Կամավորներից պահանջվել է բացահայտել, թե ձայնագրությունների մեջ ովքեր են սիրախաղ արել։ Արդյունքները զարմացնող չեն եղել. մարդկանց 66 տոկոսը բացահայտել է սիրախաղի բացակայությունը եւ միայն 38 տոկոսն է կարողացել մասնակիցների պահվածքի մեջ սիրախաղ տեսնել։
Հատկանշական է, որ գնահատականի ճշգրտության ամենացածր մակարդակը դիտվել է այն դեպքում, երբ կանանց անհրաժեշտ է եղել բացահայտել տղամարդու սիրախաղը։ Միաժամանակ, ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ հեշտությամբ բացահայտել են կնոջ սիրախաղը։ Հավանաբար, կանայք, ընդհանուր առմամբ, ավելի ակնհայտ են ցույց տալիս այն, որ տղամարդն իրենց դուր է գալիս։ Սակայն հիմնական խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասն ընդհանրապես սիրախաղ չի անում։





























