Ամերիկյան Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլ Ռիտերը օգոստոսի 5-ը հռչակել է «Հայոց Ցեղասպանության տեղեկացվածության օր»,- հաղորդում է Asbarez թերթը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA)։ Նահանգապետը այդ որոշումը կայացրել է Colorado Coalition for Genocide Awareness and Action (CCGAA) կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որի գործունեությունը նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի քաղաքացիներին տեղեկացնելն է։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեծացնենք տեղեկատվական դաշտը առ այն, որ Հայոց Եղեռնը իսկապես տեղի է ունեցել։ Աշխարհի բոլոր մարդկանց հանդեպ բարեկամության ու համերաշխության սկզբունքներից ելնելով, մենք հայտարարում ենք, որ չենք կարող դրան վերաբերվել տոլերանտությամբ՝ 21 դարում դա չի կարող լինել մեր աշխարհի մասը»,- ասել է Ռիտտերը, հավելելով. «20 դարի առաջին ցեղասպանությունը տեղի է ունեցել Հայաստանում՝ ավելի քան մեկ միլիոն հայերի դաժան սպանություններով, եւ այդ ժամանակներից մենք կրկին ու կրկին նոր ցեղասպանությունների ականատեսն ենք։ Մենք պետք է ճանաչենք կատարվածի փաստը, որպեսզի վստահ լինենք, որ այն երբեք չի կրկնվի»։

Նշենք, որ CCGAA ստեղծել է տեղի ակտիվիստ Ռոզ Դումանը, կազմակերպության նպատակն է ցեղասպանության դեմ պայքարի համար խմբերի հանդիպումներ կազմակերպել եւ Կոլորադոյի բնակիչներին տեղեկացնել մարդկության դեմ այդ հանցանքի դաժանությունների մասին՝ սկսած Հայոց ցեղասպանությունից, վերջացրած Դարֆուրով (այսօր Սուդանի շրջան, իսկ մինչ այս հարյուրամյակը շարունակ եղել է անկախ սուլթանություն, որից հետո բռնագրավվել է անգլո-եգիպտական զինուժի կողմից եւ միացվել է Սուդանին. ծան. NEWS.am)։

Նշենք, որ Կոլորադո նահանգը 1981 թ-ն նահանգապետի հռչակմամբ ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը։