«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի կարծիքով Ղազախստանն այսօր տնօրինում է մեր երկրի արտաքին քաղաքականության ճակատագիրը, իսկ Սերժ Սարգսյանը դրանից իրեն վատ չի զգում, քանի որ արժանապատվության զգացում չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, իր եւ իր ընկերների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Նշենք, որ օրերս Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը թվիթերում օգտատերերի հետ հարցուպատասխանի ժամանակ գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին:
«Սերժ Սարգսյանն իրեն էսօր վատ չի զգում, որ մի ինչ-որ ղազախ հայտարարում է, մտնենք, թե չմտնենք ԵՏՄ, կամ երբ մտնենք: Ոնց գետինը չի մտնում: Ղազախը, որը 20 թվին անգամ պետություն չի ունեցել, էդ մուսուլման ժողովուրդը հիմա տնօրինում ա Հայաստանի արտաքին քաղաքականության ճակատագիրը: Ու Սերժը գետինը չի մտնում, որովհետեւ ինքն արժանապատվության զգացում չունի: Ձեզ թվում ա, ես որ Ղազախստանում ըլնեմ, չէի հելնելու բոքսեմ, ասեմ՝ այ համբալ, դու ով ես, դու գնա, քո երկրի համար որոշի»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Նշենք, որ այս դատական նիստին դատարանը հետազոտեց է դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը, որոնք կցված են գործին:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























