Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 4-ին, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին դեպքի օրվա վերաբերյալ տեսաերիզների հետազոտումից հետո Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իր ընկերներին ու ներողություն խնդրեց նրանց ընտանիքների անդամներից:

«Բոլորիցդ շնորհակալ եմ ձեր պահվածքի համար, չեք փոխվել: 88-ին, 90-ին տենց էիք, տենց մնացել եք: Էդ ընկերասիրությունը, մանավանդ՝ ղեկավարի հանդեպ ունեցած պարտավորությունը, որ իմ ընկերները ունեցել են, դա օրինակելի կարա  լինի հայկական բանակի, ոստիկանների, Սերժ Սարգսյանների համար: Այսինքն օրինակելի մարդկանց են էստեղ դատում: Ես մի խնդիր ունեմ, երբեք չպարտվել: Բայց կա մի բայց, որ ընկերներս գիտեն՝ վճիռ կայացնելու ծանրությունը: Եթե ես գիտեմ՝ գնում եմ դրան, ես ոնց կարամ նման որոշում կայացնել, եթե բարոյականություն ունեմ մեջս: 25 տարի անընդմեջ, երեխա վախտվանից էդ տղերքը իմ հետ են եղել: Որոշում ես կայացնում, , լավ իմանալով, որ ընկերներդ հետդ բերդերում են լինելու, կամ զոհվելու են, կամ մյուսը: Մենակ մի դեպքում կարամ հաղթահարեմ, եթե իմ երեխեն իմ հետ գալիս ա: Էս տեսակի տղերքը միշտ քիչ են եղել Հայաստանում: Մլիցեն եկելա վեց հոգով հասել վրես, բա ընկերներս խի պիտի գլխներին չտային:Ես դրա եւ բարոյական, եւ եթե հնարավոր կլինի, նաեւ իրավական պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա, որովհետեւ եթե իրանք ղեկավարին չպաշտպանեին, ես կասեի՝ թքեմ ձեր երեսին: Ոչ թե որովհետեւ ինձ չեն պաշտպանել, այլ չէ որ նշդեհական են դաստիարակվել»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նա ներողություն խնդրեց իր հետ ձերբակալված ընկերների ընտանիքի անդամներից՝ դիմելով դահլիճում ներկաներին:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ընկերների ընտանիքի անդամներից: Թող տա Աստված, որ տղերքը շուտ ազատվեն գան: Առաջաին պահից իրար հետ ենք, ես մեդալ չունեմ, որև ձեզ տամ, տղերք, ու դուք մեդալի համար չեք արել, ինչ արել եք: Իրանց պիտի Շանթը գովար, ասեր Ձեր պարտքը կատարել եք»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Նշենք,որ այս դատական նիստին դատարանը հետազոտեց է դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը, որոնք կցված են գործին:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):