Հայաստանում Սահմանադրությունը գործում է միայն դե յուրե. փաստացի մեր երկրում դատաիրավական համակարգը չի գործում, իրավապահ մարմինը վերածվել է իշխանապահ մարմնի, ընտրությունները վաղուց կեղծվում են: Սահմանադրության օրվա կապակցությամբ մայր օրենքի մասին NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«1995 թվականի Սահմանադրության եւ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեների անցկացումը չի համապատասխանել արդար, թափանցիկ սկզբունքներին եւ երկու դեպքում էլ արդյունքները կեղծվել են: Եթե փաստացի իրականությանը նայենք, այսօր Սահմանադրություն չկա: Չնայած դե յուրե կա եւ այն դե յուրե գործում է, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի կիսավտորիտար պետություն է, դատաիրավական համակարգը չի գործում, իրավապահ մարմինը վերածվել է իշխանապահ մարմնի, ընտրությունները վաղուց կեղծվում են, ապա այն դե ֆակտո չի գործում»,- ասաց նա:
Փորձագետի պնդմամբ՝ նույնիսկ Սահմանադրական բարեփոխումները ոչինչ չեն տա, միայն քվեարկությունից մեկ օր առաջ բնակչությունը 10 հազար դրամ կստանա:
«Իրավական տեսանկյունից ժողովուրդը որեւէ օգուտ չի ստանալու: Ինչպես չի գործում ներկայիս Սահմանադրությունը, այնպես էլ հաջորդը չի գործելու: Եթե դու լավագույն Սահմանադրություն ես գրում, կարեւոր է՝ այն կիրառվում է, թե ոչ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ հուլիսի 5-ին Սահմանադրության օրն է:





























