Ներկայում Ուկրաինայում իրագործվում է նախագահ Պյորտ Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը. Կիեւն ամեն ինչ անելու է՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում իրավիճակը կայունացնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով երկրում տիրող ներկա իրավիճակը՝ ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Դեսպանի խոսքով, հիմա Ուկրաինան ուշադրության կենտրոնում է, քանի որ այս տարվա հունիսի 27-ին երկիրն Ասոցացման համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: «Մեզ համար այդ շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Ուկրաինայի կողմնորոշումը եվրոպական ինտեգրումն է»,- ընդգծեց Իվան Կուխտան:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կնպաստի Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը, դիվանագետն ասաց, որ համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայի համար կբացվեն եվրոպական պետությունների նոր շուկաները: «Եվ, բնականաբար, մեր երկրի տնտեսության համար այդ մեծ առավելություն կլինի»,- ընդգծեց դեսպանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին. Իվան Կուխտան հիշեցրեց, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ դիտարկել է որպես բարիդրացիական եւ պատրաստ է այդ երկրի հետ իրավահավասար պայմաններով բանակցությունների սեղանի շուրջ նստել: «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր հարեւանն է, եւ նրա հետ կարելի է համաձայնության գալ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական, մշակութային»,- հավելեց դեսպանը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Բրյուսելում Վրաստանի եւ Մոլդովայի հետ Ուկրաինան ստորագրեց Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը:





























