Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան ակնհայտ կերպով կփորձի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայկական սփյուռքի հետ նորմալ հարաբերությունների ամրապնդման նոր պատրանք ստեղծել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստուտի հիմնադիր եւ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ թուրքական քաղաքականությունում նկատելի են որոշակի փոփոխություններ: «Եթե նախկինում թուրքական կողմը հայտարարում էր, որ օսմանական անցյալը իրենց համար ռազմավարական ակտիվ է, եւ, փաստացիորեն, Անկարան փորձում էր վերադառնալ օսմանյան կայսրության տարածքներին, ապա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածում, կարծեք թե, այս մասին չի խոսվում եւ հերքվում են բոլոր այն մեղադրանքները, որ Թուրքիան փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին օսմանյան տարածքներում», - նշեց Սաֆարյանը: Հայկական կողմը պետք է ուշադիր լինի թուրքական այս նոր խաղի նկատմամբ, քանի որ նրանց նպատակը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին հերթական անգամ դժվար ժամանակաշրջանը հաղթահարելն է: «Արդարության համար պետք է ասել, որ հայկական կողմից եւս լուրջ աշխատանք չի տարվում այս կամ այն երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ», - կարծիք հայտնեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ թուրքական «Taraf» թերթը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանձնարարել է բացել Հայաստանի հետ սահմանը այս տարվա սեպտեմբերին: Թուրքիայի ԱԳՆ-ը հուլիսի 5-ին հերքել է այս տեղեկատվությունը:



























