Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական տակտիկական քայլն է: Հուլիսի 7-ին կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով թուրքական «Taraf» թերթի աղմուկ հանած հոդվածը: Նրա խոսքով, եթե անգամ սահմանը բացվի, ապա միայն մարդկանց հոսքի համար: Այդպիսով, ըստ փորձագետի, թուրք վարչապետը միջազգային հանրությանը ցույց կտա, որ «Անկարան որեւէ խնդիր չունի հայ ժողովրդի հետ»:

Ինչ վերաբերում է հայկական իշխանությունների արձագանքին. Շաքարյանի խոսքով, պաշտոնական Երեւանը պետք է հաստատակամություն դրսեւորի եւ հասկացնի, որ նման քայլը դրական է, բայց բավարար չէ երկու երկրների միջեւ լիարժեք շուկայական հարաբերությունների զարգացման համար, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել թուրքական ղեկավարության մտադրությունների անկեղծության մասին:

Հիշեցնենք, որ թուրքական «Taraf»-ը հոդված էր հրապարակել, համաձայն որի վարչապետ Էրդողանը կարգադրել է այս տարվա սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Ալիջանի անցակետի բացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: