Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը 2014թ. առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, 5.6 մլրդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա է վաճառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 «Նշեմ, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին արտասահմանում ռուսական սպառազինությունների մատակարարման ծավալը կազմել է 5.6 մլրդ դոլար՝ բավականին տպավորիչ ու ծանրակշիռ թիվ, իսկ արտահանման պատվերների ընդհանուր պորտֆելն ավելացել է մինչեւ 50 մլրդ դոլար», - ասել է Պուտինը:

«Ռուսական արտադրության մոտ 400 նավ ծառայում են 27 երկրների բանակներում: Մեր նավաշինողները, ճարտարագետները, աշխատողները իրենց աշխատանքով ապացուցում են, որ Ռուսաստանը կարող է նախագծել ու թողարկել  ամենաբարդ բարձր տեխնոլոգիական արտադրանքը», - ավելացրել է ՌԴ նախագահը: