Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ, որտեղ նշում է իր կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Հաշվետվության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իր մեկամյա գործունեության ընթացքում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը մշտապես հաղորդակից է եղել քաղաքի խնդիրներին եւ ուշադրության կենտրոնում պահել դրանք: Դրա վառ ապացույցն են քաղաքացիների ու խմբակցության փոխադարձ վստահությունն ու անխափան կապը, խմբակցության ու Երեւանի քաղաքապետարանի հետ որոշ հարցերում  արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծում են ստացել երեւանցիների  մի շարք խնդիրներ:

1 տարվա ընթացքում «Բարեւ Երեւան»-ի ավագանիներն ստացել են 96 նամակ, որոնցում բարձրացված խնդիրներից շուրջ 30-ը խմբակցության անդամների համառ ու նվիրված աշխատանքի շնորհիվ լուծվել են: Խնդիրները վերաբերել են ամենատարբեր ոլորտներին՝ մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած՝ մինչեւ հաշմանդամներ, ասֆալտապատում, բնապահպանություն, մարդու իրավունքների խախտում, տրանսպորտի սակագնի բարձրացում  եւ այլն:

Հիշեցնեմ նաեւ մեր ակտիվ մասնակցությունը տրանսպորտի թանկացման դեմ  շարժմանն  ու  այն բոլոր հայցադիմումների մասին, որոնցով ՀՀ դատարանների բոլոր ատյաններում փորձեցինք վիճարկել տրանսպորտի սակագնի փոփոխության մասին քաղաքապետի հայտնի ապօրինի որոշումը: Այնուամենայնիվ արձանագրենք, որ հայցադիմումում ներկայացված բոլոր իրավական դիրքորոշումները քիչ անց օրենսդրական փոփոխությունների տեսքով ընդունվեցին ԱԺ-ում՝  սակագնի որոշման իրավունքը վերապահելով ավագանուն:  Ցանկացած հարց քննարկելիս մեր կողմից ապահովվում է «Երեւանի մասին» օրենքով ավագանուն պարտադրված բազմակարծությունը, որի անհրաժեշտությունը, ցավոք,  դեռեւս չի գիտակցում իշխող մեծամասնությունը:

Երեւանի 2014թ. զարգացման ծրագրում եւ բյուջեում խմբակցության առաջարկով տեղ գտան տարբեր ոլորտներին վերաբերվող բազմաթիվ առաջարկներ, որոնց մեջ ընդգծված տեղ էին զբաղեցնում Երեւանի քաղաքապետարանի գործունեությունն առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելու ուղղությամբ արվածները: Դրանցից մի քանիսն արդեն իրականացվել են: Մասնավորապես, ընթացքի մեջ է եւ շուտով կայքում կտեղադրվեն դպրոցների հաստիքացուցակների, ֆինանսական  ելքերի ու մուտքերի վերաբերյալ փաստաթղթերը եւ դպրոցներին վերաբերվող այլ տեղեկություններ: ՀՀ պետական դրոշների տեղակայման եւ փոփոխության մասին անընդհատ բարձրացվող հարցի հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանի կայքում արդեն գործում է maps.yerevan.am էջը, որտեղից հետաքրքրվող երեւանցին կարող է իրեն հուզող հասցեի դրոշի տեղը գտնել եւ անհրաժեշտության դեպքում ահազանգել դրոշի վիճակի մասին: Խմբակցության առաջարկով ավագանու էջում արդեն գործում է քաղաքացիների առաջարկները եւ հուզող հարցերը ավագանու անդամներին, խմբակցություններին եւ հանձնաժողովներին էլեկտրոնային նամակով ուղղելու հնարավորությունը:

Այնուամենայնիվ, Երեւանի 2015 թ. բյուջեում Դրոշների մասով նախատեսված գումարները նվազեցնելու ուղղությամբ «Բարեւ Երեւան»-ի անդամները շարունակելու են իրենց պնդումները՝ համապատասխան հիմնավորումներով: Դեռեւս չի հաջողվում ապահովել Երեւանի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը, որին Քաղաքապետը, կարծես դեմ չէ, սակայն այս ուղղությամբ գործնական քայլեր դեռ չեն երեւում: Խմբակցության բոլոր անդամները ընդգրկված են Ավագանու համապատասխան 4 եւ քաղաքապետարանի աշխատակազմում տարբեր նպատակներով ձեւավորված հանձնաժողովներում: Անցած 1 տարում խմբակցությունն Ավագանու նիստերին ներկայացրել  է մոտավորապես 8  որոշումների նախագծերի առաջարկություն:

Տարբեր նախագծերի հետ կապված «Բարեւ Երեւան»-ը հնարավորինս համագործակցել է Ավագանու ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ:

Երեւանցիների նամակների հետքերով խմբակցության անդամների նախաձեռնությամբ տեղի են ունեցել Երեւանի քաղաքապետի, փոխքաղաքապետերի եւ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներ՝ մայրաքաղաքի տրանսպորտի, կանաչապատման, փողոցների վիճակի վերաբերյալ: «Բարեւ Երեւան»-ի անդամները հետամուտ են եղել նաեւ քաղաքի մի շարք բնապահպանական եւ այգիները բնակիչներին վերադարձնելու խնդիրների լուծմանը, օրինակ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների կողմից բարձրացված Ազատամարտիկների այգու  սեփականաշնորհված 1000ք.մ. տարածքը բնակիչներին վերադարձնելու խնդիրը, որի վերաբերյալ  խմբակցության կողմից Քաղաքապետին ուղղված մի շարք հարցումների   արդյունքում Քաղաքապետը գտավ լուծումը եւ այգին վերադարձվեց   բնակչությանը:

Խմբակցության առաջարկով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Յուրի Բախշյանի անվան այգու  նորոգումը, ինչպես նաեւ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիային ավելի նպաստավոր տարածք տրամադրելու եւ նորոգելու հարցը ընդգրկվեց 2014թ. ծրագրում եւ հաջողությամբ իրականացվեց: 

Խմբակցության հետեւողական աշխատանքի շնորհիվ ընթացքի մեջ է Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի կոթողի տարածքում Բռնադատվածների հուշահամալիրի գրանցման աշխատանքը կադաստրում, որը 2008թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ հայտարարվել է, սակայն մինչ օրս չի ամրագրվել, որի մասին խմբակցությունը ստացել է  մի քանի տասնյակ  բռնադատված ընտանիքների անդամների ստորագրություններով դիմում: Խմբակցության ահազանգերի արդյունքում քաղաքի մի շարք վայրերում գունազրկված եւ պատառոտված դրոշները փոխարինվեցին նորերով:

Մանանդյան 9 հասցեում գտնվող ապօրինի կառույցը քանդելու վերաբերյալ քաղաքացու բազմաթիվ դիմումները 9 տարի շարունակ մատնվել էին անուշադրության: Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին երկար գրագրություններից հետո մայիսի 7-ին քաղաքապետի որոշման արդյունքում հաջողվեց քանդել անօրեն կառույցը եւ ապահովել քաղաքացու բնակարանի բնական լուսավորությունը: Նման  մի քանի ապօրինի հողազավթում եւ կառույց է բացահայտել խմբակցությունը: ՀՀ քաղաքացի Գեւորգ Կալաջյանը, ով 34 տարեկան է, ապրում էր Երեւանում առանց անձնագրի եւ կացարանի: Նրա ընտանիքը սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում է, իսկ երիտասարդը առողջական խնդիրներ եւ վիրահատության կարիք ուներ: Խմբակցության եւ քաղաքապետարանի սոցիալական բաժնի համագործակցության արդյունքում վերջապես հաջողվեց լուծել նրա անձնագրի հարցը եւ վիրահատությունն իրականացնել պետպատվերի շրջանակներում: Մաշտոցի պողոտայի վրա գործող «Կամելոտ» ռեստորանից գիշերային ժամերին լսվող աղմուկը երկար ժամանակ խանգարել է բնակիչների հանգիստը, սակայն ոչ ոք ականջալուր չի եղել նրանց բողոքներին: «Բարեւ Երեւան»-ին հաջողվեց քաղաքապետարանի միջոցով պարտադրել ռեստորանի սեփականատիրոջը՝ իրականացնել ձայնամեկուսացման աշխատանքներ, իսկ աղմուկի շարունակականության դեպքում արգելել ռեստորանին ծավալել շուրջօրյա գործունեություն:

Ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Ա.Բախշյանին  հաջողվել է պետությանը վերադարձնել Երեւանի թիվ 27 եւ 70 դպրոցների տնօրենների՝ պետբյուջեից ապօրինի յուրացրած գումարները, եւ արդյունքում նրանք ազատվեցին աշխատանքից, իսկ թիվ 27 դպրոցի տնօրենը նաեւ դատապարտվեց: Երեւանի թիվ 1 մանկապարտեզի շենքը  4 տարի շարունակ փակ էր պայմանների «անմխիթար լինելու պատճառով»: «Բարեւ Երեւան»–ին հաջողվեց դրա վերանորոգման ծախսերն ընդգրկել Երեւանի 2014թ. բյուջեում, եւ Քաղաքապետը խոստացել է, որ թ.1 մանկապարտեզում սեպտեմբերին արդեն կգործի 3 խումբ: Մանկապարտեզներից զատ խմբակցությունը, Քաղաքապետի հանձնարարականի հետ զուգահեռ, հետաքրքրվել է նաեւ դրանց սնունդ մատակարարող ընկերություններով ու նրանց մատուցած ծառայությունների որակով, որի արդյունքում քաղաքապետարանի վերահսկողության սեւեռուն  ստուգումների արդյունքում  որոշ մատակարարների հետ  խզվել են պայմանագրեր: Խմբակցությունը զբաղվել է նաեւ հաշմանդամների հիմնախնդիրներով, բարձրացրել նրանց համար կառուցվող թեքահարթակների եւ անվճար ավտոկայանատեղիների հարցը, որոնց դրական ընթացքի մասին խոսում են իրենք՝  հաշմանդամների խնդիրներով զբաղվող հ/կ-ները:

Խմբակցության առաջարկով 2014թ. բյուջեով նախատեսվել է կարգի բերել ու ասֆալտապատել  Երեւանի Մադոյան փողոցը, որտեղ գտնվում է «Արմեն Կարպետ» գորգագործական ընկերությունը, որն իր հարուստ հնամենի գորգերի ցուցահանդեսով դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր: Իսկ փողոցն անմխիթար վիճակում է: Խմբակցության ահազանգի արդյունքում ասֆալտապատվել է Երեւան Չարենցի 1-ին նրբանցքը:

Խմբակցությունը բազմիցս ահազանգել եւ լուսանկարել է քաղաքի տարբեր մասերում հողատերերի շինարարության նպատակով փորած ու աղբանոցի վերածված հսկայական փոսերի մասին: Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում հաջողվեց որոշ սեփականատերերի պարտադրել մաքրել  նշված փոսերը: «Բարեւ Երեւանը» շնորհակալություն է հայտնում քաղաքի բնակիչներին փոխադարձ վստահության համար եւ վստահեցնում, որ  երեւանցիների լուծման սպասող բազմաթիվ  խնդիրները նախ լսելի են իր կողմից եւ երկրորդ՝  հնարավորինս լուծելի Երեւանի քաղաքապետարան, «Բարեւ Երեւան» խմբակցության փոխշահավետ համագործակցության շնորհիվ եւ առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ այն շարունակվելու է: