Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը հերթական անգամ հրաժարվել է ցուցմունք տալ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում: Այս մասին հայտարարել է ինքը՝ Յունուսը «Media forum» պարբերականին:
«Դատախազությունը, ոչ մի հիմք չունենալով, արդեն երկու ամիս շարունակ չի վերադարձնում մեր փաստաթղթերը՝ անձնագրերն ու բնակարանի փաստաթղթերը: Ես դատախազություն կգնամ միայն մեր փաստաթղթերը վերադարձնելուց հետո: Այսօր ես հերթական անգամ չեմ ներկայացել դատախազություն: Այս առնչությամբ այսօր դատախազությունից զանգ չի եղել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին պետք է ներկայանար դատախազություն՝ կալանավորված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործով ցուցմունք տալու համար: Վերջինս մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:





























