Հայ եւ թուրք ժողովուրդներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում սահմանների բացմանը, հուլիսի 7-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով թուրքական  «Taraf» թերթում տպագրված հոդվածը:

Ըստ նրա` սահմանները բացվելու հարցում հատկապես շահագրգռված են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները, որոնք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն` կապված գործազրկության եւ բիզնես վարելու հետ: «Նրանց համար սահմանների բացումը  սոցիալական  վիճակը բարելավելու լավ հնարավորություն է», - նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության մյուս մասին, ապա, ըստ փորձագետի, հայերը պատրաստ են եւ շփվել, եւ աշխատել թուրքերի հետ:  «Հայ ժողովրդի մեջ կուտակված բացասականն ուղղված է ոչ այնքան թուրքերի, որքան պաշտոնական Անկարայի եւ դրա վարած քաղաքականության դեմ», - նշել է փորձագետը:

Հիշեցնենք, թուրքական «Taraf» թերթը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է բացել Հայաստանի հետ սահմանն այս տարվա սեպտեմբերին: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ` ասելով,  որ լուրը չի համապատասխանում իրականությանը: