Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների եւ պետական կառույցների կողմից հունիս ամսվա ընթացքում ստացված 12 հազար 870 դիմումների եւ գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաեւ, որ 2014թ. առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 72 հազար գրություն, ինչը գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածում ստացաված, այդ թվում 2010 թվականի՝ 34200, 2011-ի՝ 47000 եւ նախորդ տարվա 65000 գրությունների համանման ցուցանիշը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքը՝ գործընթացը պահելով մշտական ուշադրության կենտրոնում:
«Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների տարեցտարի նկատելի աճն ինքնին նշանակում է, որ երեւանցին վստահում է Երեւանի քաղաքապետարանին՝ համոզված լինելով, որ իր կողմից բարձրացվող հարցերն անպատասխան չեն մնում: Ըստ այդմ, պետք է հետեւողականորեն շարունակենք աշխատանքներն ու տարեվերջին այս ուղղությամբ եւս գրանցենք առաջանցիկ աճ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:





























