ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 7-ին, անփոփոխ թողեց  զորակոչվելուց 74 օր հետո` 2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:

NEWS.am-ի հետ զրույցում  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ:

«Ես միանշանակ եմ ասում. սա ոչ թե  դատավարություն է, այլ խայտառակություն և  անբարոյականություն: Ըստ էության, Հայկ Կալեյանի մահվան գործով քննություն չի կատարվել ոչ քննչական մարմնի կողմից, ոչ առաջին ատյանի դատարանում: Փաստորեն Վերաքննիչ դատարանում մեր բողոքում ներկայացված բոլոր տեսակի հիմքերը, փաստերը և  սխալներ, որոնք թույլ են տրվել, չեն քննվել: Հանցագործությունը բացահայտված չէ և Կալեյանի՝ գնդացրի երեք կրակոցով ինքնասպանություն գործելու անհեթեթությունը չհերքվեց»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ Հայկ Կալեյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը հիմնավորված չէ և տրամաբանությանը չի ենթարկվում:

«Հայկ Կալեյանին ուղղակի սպանել են, և այժմ այդ սպանությունը չեն ցանկանում բացահայտել: Միաժամանակ, դատարանն անդրադարձ չի կատարել  տուժողի իրավունքների  ոտնահարմանը և գործի ոչ պատշաճ,  ոչ օբյեկտիվ,  ոչ բազմակողմանի քննությանը: Իրենց մոտ պարզապես  մարդ գոյություն չունի»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նշենք, որ Հայկ Կալեյանին ծաղրուծանակի ենթարկելու մեղադրանքով հարուցված քրեական գործով նրա ծառայակիցներ Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, բայց համաներումով ազատ են արձակվել: Հայկ Կալեյանի հետ վիճաբանած և նրա նկատմամբ բռնություն գործադրած Ալեքսանդր Պետրոսյանի և Նարեկ Գալստյաի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է կրկին համաներման շրջանակներում: