«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները կհրապարկվեն վաղը` հունիսի 9-ին: Այս մասին, այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դիմորդների շուրջ 10 տոկոսը ստացել է անբավարար, իսկ առավելագույն` 20 միավոր ստացել է ընդամենը 2 դիմորդ: Հիշեցնենք, որ նախորդ տարի 20 միավոր ստացել էր 26 դիմորդ:

Դիտարկմանը, թե բազմաթիվ բողոքներ կան, որ հայոց լեզվի թեսթերը շատ բարդ են, Գ. Խաչատրյանն ասել է, որ նախորդ տարի եւս եղել են նման բողոքներ, որից հետո մասնագետները որոշակի շտկումներ են կատարել  թեսթերում, սակայն խոստովանել է, որ այս տարի եւս դրանք բարդ են եղել: Նա նաեւ ընդգծել է, որ ցածր գնահատականները պայմանավորված են նաեւ նրանով, որ այս տարի թեսթերի գաղտնիությունը շատ լավ է պահպանվել: Որպես իր խոսքերի ապացույց, Գ. Խաչատրյանը տեղեկացրել է, որ «նույնիսկ թեստերի հեղինակների աշակերտները բարձր չեն ստացել»:

Հիշեցնենք, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր ավելի քան 11 հազար 162 դիմորդ: