Արարատյան Հայրապետական թեմի` Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակի տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել: Նրանց նախաձեռնությունը ողջունել եւ որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է շինարարության իրականացմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով: Տեղադրվել է մուտքի դարպասը:

Ցանկապատի եւ դարպասի կառուցման աշխատանքները կազմակերպվել եւ ավարտվել են մեկ ամսվա ընթացքում. նպատակն ազնիվ էր, միջոցները` նվիրական: Եկեղեցու բարեկարգ տարածքի մաքրման աշխատանքներն իրականացրել են նախաձեռնության հեղինակները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները:

«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսեւորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձեւավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաեւ մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ: Ամենամեծ ձեռքբերումը միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունն է: Ուրախ եմ նաեւ, որ այսօր մեր կողքին է ընկերության հետ համագործակցությունը բարձր գնահատող «Հովեր» երգչախումբը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խմբերգային երաժշտությամբ զբաղվող «Հովերը» ժողովրդական նվագարանների, թատրոնի եւ ակադեմիական ծրագրերի համադրման միջոցով զարգացրել է իր ձեռքբերումները: Գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում, երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային չորս փառատոնի: Միայն անցյալ տարի «Հովերը» կատարումներով ներկայացել է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Թայլանդում եւ Բելգիայում՝ վերադառնալով համերգային նոր շրջագայությունների առաջարկներով:  Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երկու տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ: