Այսօր Գյումրիից 7 ընտանիք է եկել Երեւան՝ բողոքելու փոստի շենքի բնակելի հատվածից իրենց դուրս հանելու դեմ:

Գյումրեցիները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության առջեւ, վանկարկելով՝ «Մեզ անհրաժեշտ է մեր տունը» եւ իշխանություններից պահանջելով, որպեսզի թույլ չտան իրենց դուրս հանել տներից: Ակցիայի մասնակիցները կապի աշխատակիցներ են, ովքեր բնակվում են փոստի շենքի բնակելի հատվածում՝ Խրիմյան Հայրիկ փողոցի վրա: 70-ական թվականներին շենքի մի հատվածը՝ 420 քառակուսի մետր,  թողնվել է աշխատակիցներին՝ որպես բնակելի տարածք: Սակայն 2002 թվականին շենքի մյուս հատվածը քաղաքապետը նվիրել է «Պրոգրես» ընկերության տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանին, իսկ նա դատարանում հաղթելով, փորձում է դուրս հանել բնակիչներին:

Արդյունքում բնակիչները պատասխան հայցով դիմել են վարչական դատարան, սակայն նրանց հայցը չի ընդունվել: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն վերադառնա Գյումրի, քանի դեռ իրենց խնդիրը լուծված չէ:

«Հակառակ դեպքում մենք կանցնենք սահմանը եւ օգնություն ու կացարան կխնդրենք թուրքական կողմից»,-հայտարարեցին նրանք: