Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի եւ սմբուկի առանձին դաշտերում  տարածում է գտել   «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը:

Հուլիսի 3-ին  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լեւոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի եւ Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի  ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին եւ տվել մասնագիտական որոշ ցուցումներ:

Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները  խիստ սահմանափակ են եւ յուրաքանչյուրի կիրառման  դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում:

Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաեւ մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաեւ սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով:

Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով եւ նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: