«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանին դեռ անցած շաբաթ են դուրս գրել հիվանդանոցից, սանկցիա կիրառել եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ ավելացնելով միայն, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ:
Թե որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Վալերի Հովհաննիսյանին, փաստաբանը որեւէ բան չասաց՝ պատճառաբանելով, թե զբաղված է եւ այս պահին խոսել չի կարող:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վալերի Հովհաննիսյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն կատարելու համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ մեզ հետ զրույցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վալերի Հովհաննիսյանի վիճակը բավարար է, բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:





























