Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) ողջունում է հայ մտավորականության կողմից օտարալեզու դպրոցների բացման դեմ ծավալված պայքարը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄՖ մամլո քարտուղար Սերգեյ Բարսեղյանից,  ԵՀՄՖ-ն չի ընկալում մայրենի լեզվի նկատմամբ այսօրվա արհամարհական վերաբերմունքը Հայաստանում: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության, անհրաժեշտ է  հետեւել պաշտոնական եւ քաղաքական ներկայացուցիչների բանավոր խոսքին, ինչպես նաեւ բոլոր հեռուստատեսությունների, հատկապես հանրայինի եթերից հնչող խոսքի մշակույթի բավարար մակարդակ ապահովելու խնդրին: Նույնիսկ հանրային հեռուստատեսության եթերում կարելի է լսել ՀՀ իշխանությունների ամենաբարձր մակարդակ ներկայացնող անձանց մոտ ժարգոնով խոսք եւ նույնիսկ «է» օժանդակ բայի փոխարեն «ա» -ի օգտագործում, որն անհասկանալի ու անթույլատրելի է:

Այնուհետ՝ ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական մամուլում եւ նույնիսկ բարձր քաղաքական մակարդակներում հնչում է կարծիք, նույնիսկ ծաղր՝ հայերի կողմից նրանց երաժշտության կրկնօրինակման եւ պլագիատի մասին: Սա խայտառակություն է երկու առումով.
1. պղծվում է այն բարձ երաժշտության հիմքը, որը թողել է սերունդներին հանճարեղ Կոմիտասը` մի երգահան, որի նմանը  ունենալ կերազեր ցանկացած այլ ազգ,

2. իսկապես կրկնօրինակվում են հարեւանների այդ անճաշակ, նույնիսկ այլանդակ երաժշտությունները, որ ուղեկցվում են հայերեն միօրինակ ու տափակ տեքստերով, եւ սա հրամցվում է ժողովրդին` վերջնականորեն փչացնելով ճաշակը:

ԵՀՄՖ-ի նախագահությունը հայ մտավորականության ուշադրությունն հրավիրում է այս փաստերի վրա` առաջարկելով որպես օտարալեզու դպրոցների դեմ պայքարի շարունակություն մարտահրավեր նետել նաեւ վերոհիշյալ արատներին: