Նուբարաշենում հունիսի 1-ին 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի գործով այժմ զբաղվում է ոստիկանության Երեւանի քննչական վարչությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Նախաքննության մարմինը փոխվել է, եւ Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից գործն ուղարկվել է Երեւանի քննչական վարչություն: Թե ինչու է նախաքննության մարմինը փոխվել, չգիտեմ, այդպես են նպատակահարմար գտել»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ հետախուզման մեջ գտնվող իր պաշտպանյալը կներկայանա այն ժամանակ, երբ «դրա ժամանակը գա»:

Հարցին՝ արդյոք ավելի քան մեկ ամիս հետախուզման մեջ գտնվելը հետագայում չի բարդացնի Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու վիճակը՝ փաստաբանը կարճ պատասխանեց՝ «բացարձակ»:

Նշենք, որ 22-ամյա Սեդրակին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր դեռ հունիսի 3-ին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս սակայն մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ: