ԱՄՆ-ն Գերմանիային առաջարկել է համագործակցել ԳԴՀ դաշնային հետախուզական ծառայության (BND) ենթադրյալ կրկնակի գործակալի գործի հետաքննության հարցում : Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կհամագործակցենք գերմանացիների հետ՝ իրավիճակը հարթելու համար», - նրա խոսքերն է  մեջբերում  AFP-ն: Էռնեստը նաեւ հայտարարել է, որ հուլիսի 3-ին Օբամայի եւ Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում գերմանական կողմից ոչ մի մեղադրանք չի հնչել:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի պատասխանել հարցին՝ արդյոք BND-ի աշխատակիցը լրտեսություն է իրականացրել ԱՄՆ-ի օգտին: Այս հարցին  չեն պատասխանում նաեւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները՝ ԱԱԳ-ն եւ ՀԴԲ-ն:

Սակայն իրազեկ աղբյուրները Reuters-ին հաստատել են ԿՀՎ-ի ներգրավվածությունը Գերմանիայի դեմ գործողությանը, որի շրջանակում հավաքագրվել էր BND-ի աշխատակից: Մանրամասներ հայտնելուց նրանք հրաժարվել են: