Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի նկատում երկրում իրադրության եւ ընդդիմության հանդեպ ճնշումների վերաբերյալ քննադատական դիտողությունները:

Contact.az-ը հայտնում է, որ նախօրեին, ելույթ ունենալով  դիվանագիտական ծառայության ղեկավար մարմինների առաջ, նա հայտարարել է, որ «Եվրոպայի խորհրդում կա հակաադրբեջանական խմբավորում, որը գործում է երկար տարիներ: ԵԽԽՎ-ում կա հայկական լոբբի եւ Ադրբեջանի հանդեպ կողմնակալ դիրքորոշմամբ պատգամավորներ»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ երկկողմ ձեւաչափով ինքը եվրոպացի առաջնորդներից քննադատություն երբեւէ չի լսել: «Այս  11 տարում եվրոպացի առաջնորդները ոչ մի բառ չեն ասել մեր ներքին քաղաքականության հետ կապված: Այսօր առաջին անգամ ասում եմ այդ մասին: Իհարկե միջազգային կազմակերպությունները պետք է խոսեն, դա նրանց քաղաքական կենսակերպն է»:

Միաժամանակ ԵԱՀԿ մամուլի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում եւս երկու բլոգերների դատապարտման կապակցությամբ: Ըստ նրա՝ երկրում շեշտակի աճում է կալանավորված ակտիվիստների թիվը: