«Ժառանգություն» կուսակցությունում եւ խմբակցությունում ոչ մի խնդիր եւ լարվածություն չկա, հուլիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, որ տեղեկություն է պտտվում, թե Զարուհի Փոստանջյանի վերադարձից հետո կուսակցությունում եւ խմբակցությունում մի շարք խնդիրներ են ծագել:
«Ամեն մեկն ինչ-որ բան է ասում եւ հաճախ դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին է վկայում քաղաքականությունում իմ 20-ամյա փորձը», - նշել է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ օրերս կայացած համագումարում ընդլայնվել է վարչության կազմը, ընդ որում՝ երիտասարդ կադրերի հաշվին, եւ սա ժողովրդավարության դրսեւորում է. «Ոչ մի խնդիր չկա, վարչությունից հեռացածներից յուրաքանչյուրն ընտրել է իր ուղին»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» գրասենյակի տեղափոխմանը, Հովհաննիսյանը վստահեցրել է, որ դա տնտեսման նկատառմամբ է արվել. «Մենք միշտ ֆինանսական դժվարություններ ենք ունեցել, քանի որ ֆինանսական կախում չունենք որեւէ երկրից կամ քաղաքական գործչից: Մենք ինքներս ենք միջոցներ հայթայթում նախընտրական քարոզարշավների համար: Մեր տեղափոխությունը տեխնիկական պատճառներով է եղել»:
Հիշեցնենք, «Ժառանգության» վարչությունից արդեն հեռացել են դրա նախկին քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, մի քանի այլ հայտնի կուսակիցներ: Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ կշարունակի քաղաքագիտական գործունեությունը, Հովսեփ Խուրշուդյանն էլ «Ժառանգություն» կուսակցությունում վերլուծական գործունեությամբ կզբաղվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























