Հուլիսի 7-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները մեկնեցին Արցախ, ելույթ ունեցան Ստեփանակերտի Մշակույթի տանը: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա էր նաեւ ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Փառատոնի մասնակիցներին ողջունեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը:
Ելույթ ունեցան Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչյան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերը:
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ պարախմբերին: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ ենք Ձեզ, որ եկաք Արցախ եւ ավետիս բերեցիք մեզ: Եկաք վկայելու, որ հայ ոգին արթուն է, աննկուն, որ Արցախի ազատագրական պայքարն իզուր չի եղել, եւ հազարավոր քաջորդիների արյունն իզուր չի հեղվել, որ արցախյան ոգու կրակը հասել է Սփյուռքի համայնքներ, տարածվել է ափեափ եւ հայի մեջ նորից արթնացրել ազգային ինքնությունը եւ իրավունք տվել հպարտանալու իր ազգային ինքնությամբ»,-նշեց նախարարը եւ հավելեց, որ մեզ բաժանել է ճակատագիրը, բաժանել են պատերազմները, արհավիրքները, բայց մեզ միշտ միացյալ պահողը եղել է մեր հավատը, լեզուն եւ մշակույթը:
«Շնորհակալություն Ձեզ, որ ամուր կառչած եք Ձեր արմատներին եւ կենդանի եք պահում հայ մշակույթը: Քանի դեռ Սփյուռքի գաղթօջախներում, օտար ափերում հնչում է հայկական երաժշտություն, մեր երիտասարդները պարում են հայկական ազգագրական, ժողովրդական պարեր՝ այս ազգն անպարտելի է: Սա լավագույն պատասխանն է եւ լավագույն ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- իր խոսքը եզրափակեց Նարինե Աղաբալյանը:
Պարախմբերը պարգեւատրվեցին ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով եւ փոքրիկ նվերներով:
Փառատոնային հերթական օրն ավարտվեց Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը համարվող «Մենք ենք մեր լեռները» հուշարձան այցելությամբ:
Հուլիսի 8-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները այցելեցին ազատագրված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
Արցախից պարախմբերը կմեկնեն Սյունիքի մարզ, երիտասարդական քաղաք հայտարարված Սիսիանում հանդես կգան բացօթյա համերգով, իսկ երեկոյան կլինեն Վայոց ձորի մարզում, կայցելեն Նորավանք:





























