2014 թվականի սկզբից Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 32 սմ-ով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի տրածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը Նրա խոսքով՝ եթե տարվա սկզբին ջրի հայելու մակարդակը կազմել է 1900 մ 16 սմ, ապա ներկայումս այն կազմում է 1900 մետր 48 սմ:
Հարցին, թե դա սեզոնային բնույթ չի՞ կրում, եւ ինչպիսին կլինի վիճակը տրվա վերջին, Անդրեասյանը պատասխանել է. «Մենք հրապարակում ենք թվեր, իսկ վերլուծելու գործառույթը մերը չէ, այլ Հայպետհիդրոմետինը»:
Մինչեւ ոռոգման սեզոնը առավելագույն մակարդակը հասել է 1900 մետր 54 սմ-ի, որից հետո ջրի մակարդակը նվազել է 6 սմ-ով: «Ներկայումս Սեւանից բացթողումները կազմել են 143 մլն խմ»,-ասել է Անդրեասյանը:
Նա հիշեցրել է, որ 2014-ին որոշվել էր ջրի բացթողումները բարձրացնել՝ 170-ից հասցնելով 240 մլն խմ-ի, հաշվի առնելով Սեւջուր գետի ջրի անբավարարությունը: Սակայն երբ պարզվեց, որ ամառը երաշտային է լինելու ողջ հանրապետությունում, այդ ցուցանիշը հասցրեցին 270 մլն խմ-ի: «Այդ ողջ ծավալն էլ օգտագործվելու է»,-ասել է Անդրեասյանը:





























