Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերում ոչ մի առաքյալի դիմագծերը նման չեն Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմագծերին, իսկ համացանցում հայտնված նկարը մոնտաժված է։  NEWS.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայրը՝ նշելով, որ ինքը որպես եկեղեցու ներկայացուցիչ ոչինչ այդ ուղղությամբ չի պատրաստվում ձեռնարկել, քանի որ որեւէ նմանություն մարզպետի հետ չի տեսնում։

«Ոչ մի առաքյալի նկարը նման չէ մարզպետի դիմագծերին, իսկ այդ նկարը, որ հայտնվել է ինտերնետում, մոնտաժված է։ Այնտեղ անմորուս մի առաքյալ կա, որի դիմագծերը նման չեն մարզպետի դիմագծերին։ Դուք մեղավոր չեք, բայց ձեզ թյուրիմացության մեջ են գցել»,-ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, որ նկարի հեղինակ Անդրանիկ Անտոնյանն արդեն ընդունել է այդ փաստը՝ նշելով, որ դա եղել է իր նախաձեռնությունը, ցանկացել է անակնկալ մատուցել եկեղին կառուցած մարզպետին, Տեր Հրայրը պատասխանեց.

«Ամեն մարդ նկարը տարբեր է նկատում, պատկերացնում, ես տեղյակ չեմ, թե մարզպետը կամ նկարի հեղինակը ինչ են ասել նկարի մասին։ Ես ի պաշտոնե ասում եմ, որ տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում, եկեք, Ձեր աչքով տեսեք»։

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանն ասել էր, որ արդեն հրահանգել է փոխել նկարը։ Այսօր՝ հուլիսի 8-ին, համացանցում հայտնվել են սրբապատկերի նոր լուսանկարները, որտեղ Տավուշի մարզպետի դիմագծերով առաքյալի նկարն արդեն փոխված է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Koghb.am կայքում տեղադրված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման լուսանկարներից մեկում երեւում էր, որ «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերի առաքյալներից մեկը պատկերված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմագծերով։