Մայրաքաղաքի մարզադպրոցներն ապահովվում են ջեռուցման համակարգերով: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակներում: Նա այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ.-ի ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. «Ինչպես եւ խոստացել էինք, դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո, իրականացնում ենք նաեւ մայրաքաղաքի մարզադպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու ծրագիրը: Պետք է նշեմ, որ Շենգավիթ վարչական շրջանի այս մարզադպրոցը, որն ի դեպ ամենամեծն է Երեւանում, ջեռուցում չի ունեցել անգամ Խորհրդային տարիներին: Դեռ այն ժամանակից սա իսկապես լուրջ խնդիր է եղել մարզադպրոցի համար: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 30 մարզադպրոցներից այսօր ընդամենը 5-ում ջեռուցման աշխատանքները դեռեւս ավարտված չեն, սակայն մինչեւ տարեվերջ դրանք եւս ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով ու այդպիսով մայրաքաղաքում չջեռուցվող մարզադպրոցներ եւս չենք ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքապետարանը կնախաձեռնի նաեւ մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրեր:
Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում այսօր մարզվում են ավելի քան 6000 պատանիներ եւ աղջիկներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում, շուրջ տարին անընդմեջ շատ ավելի հարմարավետ պայմաններում անցկացնելով իրենց մարզումները, մայրաքաղաքի պատանի մարզիկներն ու մարզուհիները, առավել բարձր արդյունքներ կարձանագրեն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնություններում:





























