Ազգային ժողովի պատգամավորներն արդեն մեկնել են հանգստի: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ՝ հասկանալու, թե ինչպիսի հանգստի սիրահար են 5-րդ գումարման ԱԺ պատգամավորները:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պարզվում է՝ ամենաօրիգինալն է. վերջին 20 տարիներին նա հանգստանում է ծովափին եւ ամբողջ ընթացքում նկարում:

«Վերջին 20 տարիներին կնոջս հետ գնում եմ ծովափնյա որեւէ խուլ տեղ, վրան խփում եւ այնտեղ նկարում»,- ասում է նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես ծովափնյա հանգստի սիրահար է. չնայած ամբողջ հուլիսը պատգամավորը զբաղված է լինելու Եվրամիության տարբեր երկրների պատվիրակությունների հետ հանդիպումներով, այնուամենայնիվ, օգոստոսի սկզբին ծրագրում է մեկնել Հունաստան. «Ինչպես անցած տարի, այս անգամ էլ Հունաստան եմ մեկնելու ընտանիքիս հետ: Թե կոնկրետ որ ծովափ, դեռ չենք որոշել: Ընդհանրապես, ես պասիվ հանգստի սիրահար եմ եւ պարտադիր ծով եմ սիրում, եւ պարտադիր տաք ծով: Բնականաբար, ինձ համար առաջնային է, որ աղմկոտ հանգստավայր չլինի: Դիսկոտեկներ, աղմուկ չեմ սիրում: Կարող եմ 14-20 օր հյուրանոցի տարածքից դուրս չգալ»:

Իսկ ԲՀԿ-ական մյուս պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ «Բելաջիոյի Գրիշը» հանգստանում է միայն ու միայն Հայաստանում. «Ես սիրում եմ իմ երկիրը: Հանգստանալու էլ մեկնելու եմ Դիլիջան, Ծաղկաձոր, բացի դրանից՝ անպայման որդուս պետք է Տաթեւի վանք տանեմ»:

Դիլիջան է մեկնելու նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, որն առհասարակ պասիվ հանգստի սիրահար է:

«Ընտանիքիս հետ Դիլիջան եմ գնալու երկու շաբաթով, Պարզ լիճ, բնություն: Դրանից հետո էլ կարող է՝ արտասահման էլ մեկնեմ, դեռ չեմ որոշել»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանի համար էլ հանգիստն ասոցացվում է հայրենի Ջավախքի հետ:

«Ամենալավ հանգիստն անցկացնում եմ Ջավախքում եւ այնտեղ եմ հանգստանալու ընտանիքով՝ հայրական օջախում: Հաջորդ շաբաթ կմեկնեմ ամենայն հավանականությամբ»,- ավելացրեց պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի աշնանը: