Սպիտակ տունը Կոնգրեսին խնդրել է 3.7 մլրդ դոլար հատկացնել Կենտրոնական Ամերիկայից գաղթող երեխաների խնդրին լուծում տալու համար, որը քայքայում է բյուջետային միջոցները եւ Օբամայի համար հղի է քաղաքական հետեւանքներով:

Սա Օբամայի ամենավճռական քայլն է, ում առայժմ չի հաջողվում վերահսկել հումանիտար ճգնաժամը Թեքսասի եւ Մեքսիկայի սահմանին: Գումարները կհատկացվեն ե՛ւ երեխաներին պահելու, ե՛ւ նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Օբաման խոստացել է շատ շուտով հայրենիք վերդարձնել տասնյակ հազարավոր անչափահաս ներգաղթյալների:

Սպիտակ տունը հայտնում է, որ ամենաշատ գումարը՝ 1,8 մլրդ դոլարի չափով, կուղարկվի ԱՄՆ-ի առողջապահության նախարարություն եւ սոցիալական ծառայություններ:

Եվս 1,1 մլրդ դոլար կստանա Ազգային անվտանգության նախարարությունը:

Բացի այդ, 433 մլն դոլար կհատկացվի սահմանների պաշտպանության խստացմանը:

300 մլն դոլար էլ կստանա Պետդեպարտամենտը՝ ներգաղթյալների  հայրենադարձության  ֆինանսավորման համար: