Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծության եւ  ինքնաշեն գազային բալոններից կրակ բացելու հետեւանքով 4 հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում տպագրվող հայկական «Գանձասար» թերթը, վիրավորվել են Արփի եւ Գոհար Գույումջյանները, Նվեր Գրտանյանն ու Քրիտ Ղազարյանը: Ահաբեկիչների թիրախը եղել է քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում հուլիսի 3-ին ահաբեկիչների կողմից հրթիռակոծման հետեւանքով երկու հայ էին վիրավորվել: Պայթյունի հետեւանքով վիրավորվել էին Հարութ Չոպարյանը եւ Դավիթ Մեյհանջյանը:

Հիշեցնենք, որ արյունալի իրադարձություններից առաջ Սիրիայում մոտ 60-70 հազար հայ էր ապրում: Ավելի քան կեսը ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ապրում էր Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Խասակ, Յակուբի, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում: