Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 9-ին, շարունակվող Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին մասնակցում է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասաց, որ առաջին անգամ է եկել Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին, բայց ինքը միշտ «ներկա է». «Ես միշտ եմ եկել ներկայացուցիչների միջոցով, մեզանից առնվազն հինգ հոգի միշտ ներկա են եղել այս դատերին, այսօր եկել եմ Շանթին տեսնելու, վիզուալ տեսնեմ, ես միշտ ներկա եմ»։
Լրագրողի հարցին, թե դատական նիստին ներկա գտնվելը արդյոք նշանակում է, որ նա ընդունում է Շանթի բողոքի ձեւը, Հայրիկյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ, ունեմ իմ գործելաձեւը ։ Եւ բոլոր նրանք, ովքեր մեզ համակրում են կամ գաղափարակից են մեզ կամ ինձ, նրանք իմ կազմակերպության անդամներից են։ Եվ կողքից ով ինչ անի, իր իրավունքն է։ Ողջունում եմ արժանապատությունը, նույնիսկ՝ հիվանդագին արժանապատվությունը»։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստը նշանակված էր 12:00-ին, բայց մոտ 40 րոպե արդեն ուշանում է։ Դատարանի դահլիճում բոլոր նստարանները զբաղված են։
Նշենք, որ դատարանը այս փուլում հետազոտում է գործով առկա ապացույցները, այսօր կշարունակեն դիտել մեղադրանքին կից ներկայացված տեսագրությունները։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























