«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը հուլիսի 3-ին դիմում են գրել պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանին՝ Վոլոդյա Ավետիսյանին արդարացնելու պահանջով։

«Վոլոդյա Ավետիսյանը մասնակցել է արցախյան ազատամարտին, պարգեւատրվել բազմաթիվ մեդալներով, բացի այդ 6 երեխաների հայր է եւ ներկայումս անազատության մեջ գտնվելով՝ նրա ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ։ Մինչդեռ դատախազը պահանջում է նրան ազատազրկել 6,5 տարով, ինչը մեր կարծիքով ոչ միայն դաժանություն է, այլեւ վկայում է մեղադրող կողմի աչառու վերաբերմունքի մասին եւ ավելի շուտ հաշվեհարդար է հիշեցնում»,-գրված է Զարուհի Փոստանջյանի դիմումում։

Պատգամավորը դիմումում նշել է, որ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում պաշտպանական կողմը անցնելով ներպետական ընթացակարգերը՝ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Ամենայն հավանականությամբ այս պարագայում ՀՀ-ը պարտվելու է, որը բացի նրա վարկանիշի անկումից կհանգեցնի նաեւ պետական բյուջեի միջոցների վատնման»։

Պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը նշել են, որ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործընթացը աննախադեպ է խախտումների առումով։

«ՀՀ վարկանիշի վրա նաեւ բացասաբար է անդրադառնում այն, որ Վոլոդյա Ավետիսյանին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է որպես քաղբանտարկյալ, իսկ Շվեյցարիայի նախագահ Բուրխալտերն արձանագրել է, որ նրա իրավունքները ենթակա են պաշտպանության։ Հաշվի առնելով այս ամենը՝ միջնորդում ենք կայացնել արդար դատավճիռ, ինչը մեր կարծիքով Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է»,-ասվում է դիմումում։

Նշենք, որ հուլիսի 7-ին պետք է հրապարակվեր Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը, սակայն այն անորոշ ժամկետով հետաձգվեց  դատավոր Լեւոն Ավետիսյանի հիվանդ լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։Մեղադրողը նրա համար 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել։