Հայաստանի ԿԳՆ-ում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որտեղ ամփոփվել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են նաեւ հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը  եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը վերաբերող հարցեր:

Բացելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաեւ այս տարի,  բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով,  15 առարկաների քննությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երեւանում:

Առաջին փուլում  ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ  երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ, որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները եւ ԼՂՀ դիմորդները: Այս տարի եւս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը եւ միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի  քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք եւ այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին  դիմելու եւ ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու եւ քննության կարգը խախտելու համար:

Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում եւ հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի եւ վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը: