«Օրինաց երկիր» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանում այս պահին սահմանադրական փոփոխություններն առաջնահերթ խնդիր չեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ասուլիսում նշել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործող Սահմանադրությունը տալիս է բավարար հիմքեր՝ երկիրն արդյունավետ ղեկավարելու համար: «Ներկայումս սահմանադրական փոփոխությունները Հայաստանում անհրաժեշտություն չեն: Բավական հնարավորություններ է տալիս նաեւ գործող Սահմանադրությունը, պարզապես քաղաքական կամք է հարկավոր՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար»,-նկատել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետաձգվել է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հատուկ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը այդ հետաձգումը պայմանավորել է այդ բարեփոխումների շուրջ հասարակական քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությամբ, այդ թվում մարզերում:





























