Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների վերջին շրջանի սերտացումը մեծապես կապված է Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ «Նկատելի է, որ ԱՄՆ պաշտոնյաների, մասնավորապես պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի այցերը Բաքու, կապ ունի Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ։ ԱՄՆ-ին պետք է, որպեսզի տարածաշրջանի երկրները, եթե անգամ կողմ չեն Իրանի նկատմամբ սանկցիաների կիրառմանը, ապա գոնե այդ հարցում դրսեւորեն չեզոք եւ ոչ պրոիրանական դիրքորոշում»,-նշեց Սաֆարյանը։
Պատգամավորը նշեց նաեւ. «Վաշինգտոնը սկզբում փորձեց գործարկել մեկ այլ մատրիցա՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տեսքով, սակայն անհաջողության մատնվելու պատճառով ԱՄՆ-ը այժմ ստիպված է խաղալ հին մեթոդներով եւ այժմ այդ պետության հիմնական շեշտադրումները Վրաստանի ու Բաքվի վրա են»: Սաֆարյանը նշեց նաեւ, որ վերջին շրջանում Բաքու-ԱՄՆ հարաբերությունները «նկատելի փչացել էին ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների կոռումպացվածցության մասին հրապարակումների պատճառով, որոնց Ադրբեջանը հիստերիկ կերպով արձագանքեց»: Ուստի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու կատարած այցելությունները, ըստ Սաֆարյանի, նաեւ Բաքվին շոյելու նպատակ ունեն։ Հարցին՝ Բաքու-ԱՄՆ հարաբերությունների սերտացումը արդյո՞ք միտված է Ադրբեջանում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայմանը՝ պատգամավորն արձագանքեց. «Ամերիկյան հեղինակավոր պարբերականներում վերջին շրջանում իրոք քննարկվում է հարցը, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանում ռազմական բազաների տեղակայման մասին: Բացի այդ, Ադրբեջանի ռազմական դոկտրինի նախագծով վերացվեց «Ազգային անվտանգության մասին» օրենքի արգելանքը՝ երկրի տարածքում տեղակայել այլ երկրների ռազմական ուժեր։ Սա հուշում է, որ իրոք քննարկվում է ռազմական բազաների տեղակայման հետ կապված հարցեր։ Իսկ այդ քննարկումները, կրկնում եմ, պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում»:


























