Երեւանի բոլոր վարչական շրջաններից հուլիսի 9-ին Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներ` 20-օրյա հանգստի են մեկնել ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 425 երեխա։
Վաղ առավոտյան յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակից, սահմանված ժամին երեխաներին ճամբար են ճանապարհել ծնողները, վարչական շրջանի ղեկավարները։
Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններում դպրոցականներին ճանապարհելու միջոցառմանը մասնակցել է նաեւ քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծնողների հետ զրույցում հանրակրթության վարչության պետը ներկայացնել է նախօրեին ճամբարում արձանագրած արդյունքները եւ հավաստիացրել, որ երեխաները 20 օր շարունակ շրջապատված են լինելու մեծ հոգատարությամբ եւ ուրախ առօրյայով։
Երեւանից ճամբարներ մեկնող երեխաներով ավտոբուսները ուղեւորվել են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր խմբի հետ մեկնել են մեկական բժիշկ եւ բուժքույր։ Ճամբարներում եւս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։
Հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 16-ը եւս 425 երեխա հանգստանալու կմեկնի Ծաղկաձոր եւ Հանքավան։





























